ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«ՈՒղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները գնում են նորանցով, իսկ հանցաւորները կը գլորուին նորանցում»

«ՈՒղիղ են Տիրոջ ճանապարհները,  և արդարները գնում են նորանցով, իսկ հանցաւորները կը գլորուին նորանցում»
23.06.2017 | 08:24

Հիրավի, ամեն մարդ, անկախ զբաղմունքից, սեռից ու դավանանքից, իր էության ներսում հիշողության դաշտ ունենալու է։ Ինչու չէ, այդ դաշտում, որ նաև ճանապարհ է, լինելու են թե՛ ծառ ու ծաղիկ, թե՛ աղբյուր ու առու և թե փուշ ու տատասկ։ Նրանք քո մեջ են` անձեռնմխելիության կարգավիճակով։ ՈՒղեկցելու են քեզ։ Այս իմաստով և այս առումով, ԱԼԲԵՐՏ ՎՐԹԱՆԵՍԻ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ մարդն ու գրականագետը մերձավոր ուղեկիցներիցս մեկն է։ Բավական է, թեկուզ մտովի, թեկուզ անիմանալի, մի անտես, աներևույթ աչք-հայացքով տեսնես նրան քո դիմաց կանգնած, թե զայրացած ես` մեղմանալու ես, թե չարացած ես՝ բարության բույրն առնելու ես, ազնվանալու ես։ Սա միմիայն հոգու հետ կապված երևույթ է` իր մոգական ուժով, և բառերով բացատրելի չէ։ Եվ այսպես, միտք ծագեց արձագանքելու, երբ լսեցի, որ հունիսի 22-ը Ալբերտի մահվան օրն է։


1960-ական թվականներն էին, Երևանի պետհամալսարանի բանասիրականի ուսանող էի։ Եկել էի Վրաստանի Ախալցխայի շրջանի Սխվիլիսի կոչված հայաբնակ գյուղից։ Բարի, լավ մարդու կարիքն զգալու էի։ Ապրում էի գրող, հայտնի ֆելիետոնիստ Արտաշես Քալանթարյանի հարևանությամբ, որն ինձ ծանոթացնում է «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Ալբերտ Արիստակեսյանի հետ։ Ահա նա էլ վերը նշածս աղբյուր-մարդն էր ինձ և գրեթե բոլորի համար։ «Սովետական գրականություն» մուտք գործող ամեն հեղինակ Ալբերտ Արիստակեսյան կամրջով անցնելու էր. նրա կարծիքը չափանիշ էր։ Նյութն ընդունում էր` ազնիվ էր, դիտողություն էր անում` ազնիվ էր, մերժում էր` դարձյալ ազնիվ էր։ Չէր նեղացնում, օգնում էր, որպեսզի հեղինակը կանգնի ճիշտ ճանապարհի վրա։
Համալսարանն ավարտել էի, դիպլոմայինս «Վահագն Դավթյանի պոեզիան» էր։ Վահագն Դավթյանին դուր էր եկել իմ աշխատանքը, բարեկամներ էինք դարձել։ Ես ընդամենը կայծ էի, անվանի բանաստեղծը տեսել էր այդ կայծը։


Ծննդավայր էի գնացել, 1964-ին ինձ նշանակել էին միացյալ տնտեսությունների գյուղխորհրդի նախագահ, վրացիք ինձ կոչում էին «молодой президент» անունով։ Թեև հարազատների մեջ էի, սակայն այդ աշխատանքն անհարիր էր իմ բնույթին, մեկ տարի հազիվ դիմացա։ Անորոշ վիճակում էի, մտքի խավարի մեջ։ Մեկ էլ լույս ծագեց. 1965-ի հունիսի երկրորդ կեսին Երևանից ստացա Ալբերտ Արիստակեսյանի նամակ-բացիկը. «Հարութ, «Հայրենիքի ձայն» թերթը բացվել է, Վահագնը կանչում է քեզ։ Շտապ արի»։ Եկա, Վահագն Դավթյանն ինձ ընդունեց, նախ` որպես գրական աշխատող, ապա, մեկ տարի անց, մշակույթի բաժնի վարիչ դարձրեց։ Շնորհը ձրի տալուց բացի, Աստված ինձ դրսևորման ճանապարհ էլ տվեց։
Հիսուներկու տարվա վաղեմություն ունի այդ նամակ-գրությունը, անփույթ գտնվել, չեմ էլ պահել. անփույթ գտնվող չպահողը ես եմ, բայց իմ մեջ մեկ այլ մարդ նույնպես ապրում է, որի անունը ներսի մարդ է, գուցե և ասեի` հոգու, սրտի մարդ։ Ահա նա էլ հուշում է ինձ` հիշատակի խոսք գրիր, այն, ինչ չասացիր երկրային կյանքի ընթացքում, ասա երկնայինին։ Այս խոսքը, ուրեմն, շուրջ 38 տարի ուշացումով է. ժողովրդական իմաստությունը կա. «Լավ է ուշ, քան երբեք»։ Եվ որպեսզի խոսքս ամբողջական լիներ, Ալբերտ Արիստակեսյանի գրավորն հարկավոր էր։ Այս բանում օգտակար եղավ դուստրը` Մարգարիտը, որն իր հոր, իմ տեսնելով, մարմնավոր և հոգևոր պատկերը կրում է։


Երկու գիրք, երկու մենագրություն, մեկի վերնագիրն է «Սիլվա Կապուտիկյան», մյուսինը` «Պարույր Սևակ»։ Գրքերը Վահագն Սարգսյանի ձեռքով ստացա, հետն էլ խնդրանք. «Միակ օրինակներն են, սուրբ մասունք»։ Դա նշանակում էր, իմ սովորության համաձայն, էջեր չծալեմ, էջերին խզբզանքով նշումներ չանեմ։ «Պարույր Սևակ» մենագրության էջերը թերթելիս, ի դեպ, արանքներում չորացած ծաղիկներ տեսա, մի բան, որ վկայելու էր դստեր կարոտը կյանքից վաղ հեռացած հոր հանդեպ։
Այս մենագրությունները` կենսագրական մանրամասն հաղորդումներից բացի, Սիլվա Կապուտիկյանի և Պարույր Սևակի ստեղծագործությունների մեկնություններն են, վերլուծությունները։ Երկուսին էլ նա պարզում է նախ իր համար. չէ՞ որ ինքը գրականագետ է, ուրեմն` պարտավոր է իմանալ, և ապա նրանց ճանապարհի ընկեր-գործընկերն է։ Տեսնում և մեզ տեսանելի է դարձնում Սիլվա Կապուտիկյան անհատականության մուտքը գրական աշխարհ, զգում և յուրովի մեզ զգալ է տալիս բանաստեղծուհու սիրերգությունը, սիրային լիրիկան։ Բանաստեղծուհուն տեսնում է պոեզիայի մատույցներում, համեմատության մեջ դնում նրա կյանքը, նրա գործն ու գիրը։ Շոշափելի է դարձնում Սիլվա Կապուտիկյան մտածողի հասարակական ու համահայկական գործունեությունը, նրա վերելքներն ու վայրէջքները։ Բանաստեղծուհուն տեսնում է սրտաբաց զրույցների ժամերին, տեսնում և տեսանելի է դարձնում պատմության քառուղիներով անցնելիս և միաժամանակ հրապարակախոսական արձակ ստեղծելիս։ Այդ ամենը ժամանակի ու ժամանակաշրջանի, ազգի ու ազգային խնդրի ընթացքի տեսապատկերում։ Գրականագետ Ալբերտը երբեմն իր բանաստեղծուհի քրոջը տեսնում է այնպիսին, ինչպիսին ինքը կուզեր տեսնել։ Այստեղ է, որ հիշելու եմ Վահան Տերյանի բանաստեղծության տողը. «Ես իմ սերն եմ սիրում»։ Գիտակցելով, որ սերը ճշգրիտ գիտություն չէ, կանոններ չի ճանաչում, մի առանձին պատկառանք-ակնածանքով է մոտենում սիրո հարցերին։


Խնդիրը քննության առնել, քննադատելը չէ, հարկավոր է տեսնել անտեսանելին և դարձնել տեսանելի. «Բանաստեղծուհին առարկայացնում է անառարկայականը, կոնկրետացնում վերացականը և դրանով մուտք գործում մարդկային հոգու ոլորտները` մեզ տեսցնելով այն ամենը և համոզելով այն ամենում, ինչ այնտեղ որսացել է իր հայացքը»։
«Սիլվա Կապուտիկյան» մենագրության առաջաբանը գրել է այնպիսի մի երևելի մարդ և գիտնական-ակադեմիկոս, ինչպիսին Էդվարդ Ջրբաշյանն էր։ Պատառիկներ մեջբերեմ նրա տված բնութագրերից. «Ա. Արիստակեսյանը այնքան բանիմացությամբ, խոր և դիպուկ է վերլուծում բանաստեղծուհու գրական վաստակը, որ նրա գիրքն այսօր էլ ընկալվում է իբրև Ս. Կապուտիկյանի ստեղծագործական դիմանկարի ամբողջական և գրեթե սպառիչ բնութագիր։ Գրականագետը ոչ միայն հիանալի գիտի Կապուտիկյանի ստեղծագործական կենսագրության և ժամանակի գրական քննադատության իրողությունները, այլև նրբորեն հասկանում և զգում է բանաստեղծական տեքստը, կարողանում է բազմակողմանի վերլուծությամբ բացահայտել պատկերների հասարակական և գեղարվեստական բովանդակությունը... Պետք է հատուկ նշել նաև գրականագետի խոսքի հստակ, ազատ, անկաշկանդ շարադրանքը, առաջ քաշվող դրույթների փաստական և տրամաբանական հիմնավորվածությունը, գնահատականների սոցիալական և գեղագիտական որոշակիությունը։ Ա. Արիստակեսյանի գիրքը գրված է նյութի ամբողջական ու խոր իմացությամբ և, կասեինք նաև, գրողի նկատմամբ բանական սիրով...»։
Եվ քանի որ ավելի լավ ու գեղեցիկ չեմ կարողանալու բնութագրել Ալբերտ Արիստակեսյան մարդուն, խոսքը դարձյալ տալու եմ գրի ու գրչի և մարդկային հոգիների անզուգական մեկնիչ, գեղագետ-գիտնականի անբիծ ուղի անցած, անկաշառ մնացած Էդվարդ Ջրբաշյանին. «Ալբերտ Արիստակեսյանին ճանաչողները նրան գիտեին և մինչև վերջ կհիշեն իբրև բյուրեղյա ազնվության, հոգեկան մեծ հմայքով օժտված մարդու, որը կյանքում և գրականության մեջ որոնում և ծառայում էր միմիայն ճշմարտությանը։ Մինչև վերջ էլ նա մնաց ամաչկոտության աստիճանի համեստ, մարդկանց նկատմամբ անձնվեր, բոլոր հարցերում անաչառ և ուղղամիտ, երբեք չիջավ իր գիտական և բարոյական սկզբունքների բարձրությունից։ Գրելով այս տողերը, ես նորից վերապրում եմ սիրելի ընկերոջ անժամանակ կորստյան կսկիծը, բայց և մխիթարություն եմ գտնում մի բանում. չէ՞ որ քննադատի գեղեցիկ անհատականությունը լիուլի արտահատվել է նրա` քանակով ու ծավալով ոչ մեծ, բայց գրական արժեքով ծանրակշիռ աշխատություններում»։


Կարդում եմ այս տողերը և մտածում՝ ինչ անխաթար, ինչ մաքուր մթնոլորտ է եղել, ինչ խոր հավատ, ինչ անեղծ սեր։ Ինչ բարի են նայել միմյանց, մեկմեկու մեջ տեսնելով «բյուրեղյա ազնվություն, հոգեկան մեծ հմայք»։ Այսօր որքա՜ն ունենք այս ջերմ վերաբերմունքի, հոգեշահ այս արտահայտությունների կարիքը։
Վերն ասվածի վկայությունն է նաև Ալբերտ Արիստակեսյանի «Պարույր Սևակ» մենագրությունը։ Հեղինակը` լինելով Պարույր Սևակի համագյուղացին, ազգականն ու ճանապարհի ընկերը, ամենայն իրավամբ, նախ անդրադարձել է բանաստեղծի ընտանիքին, մանկությանն ու պատանեկությանը և ապա ամենայն մանրամասներով ու բարեխղճությամբ ներկայացրել գրական մուտքն ու հետագա ընթացքը։ Ոչ միայն ուսումնասիրել, արժևորել է, այլև, որպես հոգեկից, Պարույր Սևակի հետ շարունակ քայլել, զրուցել, ապրել և վերապրել է նրա կյանքը։ Ամենը տեսել է մարմնի և հոգու աչքով, հետևել բանաստեղծի պահերին, օրերին ու ամիսներին. «...Մարտ ամսին գնում է Դիլիջան, կոմպոզիտորների ստեղծագործական տանը կազդուրվելու և... հանգստանալու։ Եվ իսկապես հանգստանում է, ազատագրվում է նաև այն բանաստեղծություններից, որոնք թղթին հանձնելու ժամանակ ու հնարավորություն (այսինքն` միայնակ, առանձնության մեջ մնալու) չուներ։ Ինչ հրաշագործ են եղել բանաստեղծի համար մարտյան այն օրերը, որ անցկացրել է նա Դիլիջանում։ Վաղ գարնան այդ օրերին բանաստեղծից չի հեռացել ոգևորությունը, և նա մեկը մյուսի հետևից գրել է «Եղիցի լույս» գրքի «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքի բանաստեղծությունները»։


Երբ նա Պարույր Սևակի խոսքերից այս կամ այն առիթով մեջբերումներ է կատարում, զգում ես, որ դրանք հենց իր` Ալբերտ Արիստակեսյանի սրտից բխած մտքի և զգացման պատառիկներ են։ Ահավասիկ. «Որքան էլ դժվար լինի սուղ միջոցներով ապրելը, էլի դա ավելի հեշտ է, քան առանց ինքն իրեն հարգելու ապրելը»։ Պարույր Սևակից մեկ այլ մեջբերում ևս. «Հանճար լինելուց առաջ և լինելու համար նախ պետք է մարդ լինել, ինչպես որ համամարդկային լինելուց առաջ և լինելու համար հարկավոր է նախ լինել մարդկային»։ Սրանք սկզբունքներ են, որ հատուկ էին Ալբերտ Արիստակեսյանին նույնպես։ Խոսքի հրաշքը տեղի է ունենում, երբ դու, հանձին քո դիմացինի, տեսնում ես քեզ ու քո էությունը։ Պարույր Սևակն էլ իր հերթին իրեն տեսել է ժողովրդի մեջ և այդ նույն ժողովրդին տեսել իր էության ներսում. «Ժողովուրդ կոչվածը, ինչ խոսք, կույր չէ, բայց նա ինքնատես չէ ու չի էլ կարող լինել, քանի որ ժողովուրդը մի անձ չէ, որ կանգնի հայելու առջև և տեսնի իր կան ու չկան։ Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն ծնողականը։ Ժողովուրդն է ստեղծում նրանց` ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց որ ծնեց` ինքը ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից։ Այս վերառումով էլ` ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում»։ Կարդա սա ու մտածիր, թե ինչ պատահեց մեզ հետ, ուր է գրող ծնող ժողովուրդը և ուր է ժողովուրդ վերածնող գրողը։ Այսօր այլասերումը շատ ավելի նկատելի է, քան սերումը հարազատ ժողովրդից։ Բողոքում էլ են` ժամանակակից գրողներին չեն կարդում։ Կարծում եմ՝ շատ ճիշտ էլ անում են, որ չեն կարդում, որովհետև, Պարույր Սևակի ասած, «ժամանակակից լինելը հավասար չէ ժամանակին կից լինելուն»։ Աստծո տված ժամանակին կից լինել նշանակում է հարել հավիտենությանը, նշանակում է խոսել հավիտենական կյանքի խոսքը։ Իսկ ժամանակակից լինելը տվյալ ժամանակի պիղծ բարքերին հետևել և երբեմն գիտությամբ, երբեմն էլ անգիտությամբ, արվեստի անվան տակ, հոգևոր ու մարմնական պղծությունները ներկայացնել է նշանակում։ Նույն ոգով և ուժով Պարույր Սևակը գրում է, իսկ Ալբերտ Արիստակեսյանը մեջբերում. «Չի կարելի ամուսնանալ պայծառափայլություն ճշմարտության հետ, ինչպես արել և անում են բանաստեղծ հորջորջվող շատ շատերը` ընկնելով անցողիկ հաջողության հետևից, դառնալով օրերի գերին և ոչ թե ժամանակի թարգմանը»։


Քանի որ ավելի դիպուկ, ավելի հանգամանալից ու ճշգրիտ, ամփոփ խոսք չեմ կարողանալու ասել «Պարույր Սևակ» մենագրության վերաբերյալ, դարձյալ դիմելու եմ, ինչպես ասում են, հավերժ կենդանի Էդվարդ Ջրբաշյանին. «Այդ գրքով Պարույր Սևակը, հիրավի, գտավ իր արժանավոր կենսագրին, հետազոտողին և մեկնաբանին։ Այդպիսի մի գիրք` հագեցած խոր և ինքնատիպ վերլուծություններով և, մանավանդ, բանաստեղծի կյանքի, նրա երկերի ստեղծագործական պատմության սկզբնաղբյուրի կշիռ ունեցող բազմաթիվ արժեքավոր տվյալներով, կարող էր գրել միմիայն Ալբերտ Արիստակեսյանը, և այս նրա անմոռանալի ծառայությունն է։ Այս առումով «Պարույր Սևակ» մենագրությունն իր պատվավոր և անփոխարինելի տեղն ունի բանաստեղծին նվիրված գրականության մեջ և, ինչքան էլ վերջինս ժամանակի ընթացքում հարստանա, իր արժեքը երբեք չի կորցնի»։


«Պարույր Սևակ» մենագրությունը լույս է տեսել հեղինակի կենդանության օրոք, ապա վերահրատարակվել է, իսկ «Սիլվա Կապուտիկյան»-ը, ավա՜ղ, հրատարակվել է Արիստակեսյանի երկրային կյանքի անսպասելի ավարտից տարիներ հետո։ Ի դեպ, «Սիլվա Կապուտիկյան»-ով նա բանասիրական գիտությունների թեկնածու է դարձել, իսկ «Պարույր Սևակ»-ով նրան շնորհել են բանասիրական գիտությունների դոկտորի պատվավոր կոչումը։
Խոստովանեմ, ես երբեք չէի զգացել Ալբերտի գիտնական ու դոկտոր լինելը։ Նրա բարձրագույն աստիճանը գրչի մարդուն, գրականությանը առաքինաբար և ազնվաբար ծառայելն էր։ Աղմուկ չէր սիրում, ամբիոն չէր սիրում, ցուցադրել, երևալ չէր սիրում։ Սիրում էր աննկատ մնալ, բայց շարունակ ծառայել, ծառայել դիմացը ոչինչ չուզելով, ծառայել իրենը մոռացած։ Նույնիսկ թույլ չտվեց, որ իր 50-ամյակը հիշեն ու... նշեն։ Նա մեկն էր այն մարդկանցից, ովքեր երբեք ու երբեք իրենց տանջող անձնական ցավերից չեն խոսում։ Նա այն անձն էր, որի համար ոչ այս աշխարհն էր դմակ և ոչ էլ մարդը` դանակ։ Ալբերտ Արիստակեսյանի համար ավելին էր անձի մաքրությունը, քան կյանքի ժամանակավոր վայելքները։


Մի բան էլ եմ հարմար գտնում հայտնել. Վահագն Սարգսյանն ու ես առանձին-առանձին խոսել էինք ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի հետ, որպեսզի ներկայացնի Ալբերտ Արիստակեսյանին` զրույցի կարգով։ Ասել էր. «ՈՒրախությամբ, մեծ սիրով եմ խոսելու Ալբերտի մասին, հիվանդանոց գնամ, գամ, հանդիպենք»։ Ընդամենը երկու, թե երեք օր անց լսեցինք ծանր լուրը... Նա էլ գնաց այնտեղ, որտեղից չեն վերադառնում։ Ամեն մարդ պիտի գիտակցի և բանը վաղվան չթողնի, քանի որ վաղվա օրը քոնը չէ, երաշխիքը չունես։ Այս գիտակցությամբ Ալբերտ Արիստակեսյանը մարգարեաբար գրում էր. «Մարդիկ սովորաբար մահը հեռացնում են, իրենց հանգստացնում են այն սուտ մտքով, թե մահը երևալու է ամենավերջում, երբ ամեն ինչ իրենք ավարտած կլինեն»։ Հիրավի, նա գրում էր իր իմացածը, գրում էր ոչ միայն մտածելով, այլև զգալով։ Գրում էր, որովհետև հավատում էր։


Այս պահին այսքանը` գիրն ու գրիչը հարգող մտավորականի հիշատակի և նրա թողած բարի անվան առաջ։ Սա նաև ընդառաջ գնալ թող համարվի գրական խոնարհ մշակ Ալբերտ Արիստակեսյանի ծննդյան 90-ամյակին, որ լրանում է 2018-ի օգոստոսին։

Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ

Դիտվել է՝ 2122

Մեկնաբանություններ